Դեռ մանուկ հասակից անփոխարինելի են եղել այն օրերը, երբ պապիս կողքին նստում ու զրուցում էի, հարցեր էի տալիս, լսում նրա իմաստուն
պատմություններն ու ժողովրդական հեքիաթները:

Այսպես, հոգևոր գանձերն ու մարդկության ձեռք բերած արժեքները փոխանցվում են սերնդից սերունդ և ուղեցույց դառնում կյանքի ողջ ընթացքում:

Տարիներ անց, երբ սիրելի պապս այս կյանքից արդեն վերափոխվել էր դեպի հավիտենականը, նրա հետ մեր զրույցները փոխարինվել էին ինքնուրույն
փնտրտուքով ու ազատ ընթերցանությամբ:

Սակայն որքան էլ իմաստուն լինի պատանին կամ աղջիկը, այս կյանքը լիքն է անխուսափելի գայթակղություններով ու խոտոր ճանապարհներուվ:
Մեզանից յուրաքանչյուրը գոնե մի պահ կարող է անկեղծ լինել ինքն իր հետ ու խոստովանել բազմաթիվ սխալ ընտրություններ:

Նման թերացումներն ազդում են, թե մեզ վրա և թե մեզ շրջապատող մարդկանց կյանքերի վրա: Բազմաթիվ երիտասարդներ իրենց ապագան
խեղաթյուրում են հենց մեր բաց աչքի առաջ: Իմ ու իմ նման բազմաթիվ երիտասարդների կյանքն էլ փակուղի կմտներ, եթե Առողջ Մտքերի Խնջույքը
չշարունակվեր:

Խնջույք այնպիսի անձնազոհ անհատների հետ, ովքեր պատրաստ են իրենց գանձերն ու ձեռքբերումները կիսելու բոլոր նրանց հետ, որ ծարավ են
իմաստնության:

Սրանք անձնուրաց այն նվիրյալներն են, ովքեր մեծ բանաստեղծի խոսքի համաձայն, “անցնում են, սակայն չեն կորչում, այլ ոտքի ամուր տեղ են
դառնում հաջորդող սերունդների համար” (Պարույր Սևակ):

Այս կարճ կյանքի ընթացքում հանդիպել եմ այսպիսի բազմաթիվ մարդ¬կանց, հոգևորա¬կան կամ աշխարհական ու կապվել նրանց հետ հոգևոր
հարազատությամբ:

Սրանք այն մարդիկ են, որ ուսուցանում են, ո`չ թե լոկ խոսքերով, այլ կյանքի տևական մաքառումով, ու մեծերի անօրինակ սխրանքին հետևելով: Ովքեր
ամենայն արդարացիությամբ կարող են կրկնել Հռոմեական Կաթոլիկ Եկեղեցու Սուրբ` Ֆրանցիսկ Ասիզացու այս խոսքերը, “Եկեք գնանք քարոզելու և
եթե անհրաժեշտ լինի օգտագործենք նաև խոսք”:

Հարուստ է մարդկության հոգևոր գանձարանն ու բազմադաշտ: Այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր “Նեղ Դռներից” չեն խուսափում և ջանք են
թափում կանչվածների միջից ընտրվելու համար:

Այնուամենայնիվ  հոգևորն ինքնին անվտանգ չէ և փորձառուի ուղեցույցն ու խրատն անհրաժեշտ են հնարավոր շեղումներից ու ծուղակներից
խուսափելու համար:

Հոգևոր ուսուցումներն ու գործունեություններն անհամար են այս աշխարհում ու նրանցից որոշներն ավելի գայթակղիչ են քան մյուսները, տարբեր են
նաև նրանց խոստումները,  նայած խմբին կամ շարժմանը:

Զարմանալու ոչինչ չկա, որովհետև բազմիցս զգուշացվել ենք գառան մորթով գայլերից: Նույն գայլերը տարբեր ժամանակներում գալիս են տարբեր
գույնի մորթիներով, բայց ցուցանիշը նույնն է` ծառը պտղից է ճանաչվում:

Վաղ թե ուշ յուրաքանչյուր անձնավորության կյանքի խնդիրն է դառնւոմ իրեն հաջորդողներին ավելիով փոխանցել այն ինչ փոխանցվել է
նախորդներից:Ամեն երկրում, ամեն ժողովրդի սովորությունների անբաժան մաս են կազմում խն¬ջույք¬ներն ու զվարճանքները:

Արդեն վաղուց ժամանակն է, որ մարմնական զվարճանքներն ու ճոխ սեղանների շուրջ քեֆերը փոխարինվեն “”Մտքերի Խնջույքով”” ու երկնային
սնունդով:

Այս գործընթացում մտքերի առողջ լինելը բոլոր ժամանակների պահանջն է, սրտի մաքրությունը դրա գրավականը::
Հետևաբար անհատապաշտության ու մեկուսացման այս դարաշրջանում հաղորդակցության ժամանակակից այս ձևն օգտագործելով կփորձենք  ձեզ
փոխանցել բազմաչարչար Քրիստոնեության Հայրական ժառանգությունը:

Խոնարհությամբ  Տեր Անտոն ՔՀն. Թանդիլյան
ԱՌՈՂՋ
ՄՏՔԵՐԻ ԽՆՋՈՒՅՔ